Տպավորություններ ընթերցումից. Հենրիկ Էդոյանի Պոեզիան, երկու բանաստեղծության վերլուծություն

193860_150619921665879_3972156_oՀենրիկ Էդոյան

 

 

Էդոյանի բանաստեղծություններին բնորոշ է հետեւյալը. հեղինակը տողերի մեջ տալիս է դիպուկ մտքեր, որոնք, սակայն, լուծված են լինում ամբողջ նկարագրության հետ, եւ երբեմն դժվար է լինում դրանք զատելը:

 

 

Այդտեղից սկսվում է երաժշտությունը

Մի վայրկյան հիացմունքից շուրթերն են կարկամում,

երբ տեսնում է հանկարծակի հայտնվելը սիրո,

եւ արդեն քանի անգամ մակընթացությունը

գրավում է ցամաքը տեղատվությունից,

ալիքները ծովափի ավազ են լիզում սիրահարի պես,

աղմուկը տարածվում է չորս բոլոր ինչպես

փշրված ապակի-

որտեղ մարդն ավարտվում է՝

այդտեղից սկսվում է երաժշտությունը:

 

Հոգին թողնում է աղմուկի ժայռերը եւ ձգտում

վերադառնալ դեպի լռություն-

այդտեղից սկսվում է երաժշտությունը,

ձայներն ավարտվում են եւ լռության ինքնասույզ,

բայց կանաչ դաշտում

հնչյունն ազատվում է իր ստվերներից

եւ ճախրում ազատ տարածության վրա,

ապրում այնտեղ, ինչպես ինքնիշխան քամի-

այդտեղից սկսվում է երաժշտությունը:

 

Երաժշտությունն ինքնին ենթադրում է ելեւեջ ու ձայն: Ամեն դեպքում՝ մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ (նաեւ ականջի <<մեջ>>) այն տպված է նման կերպով: Երաժշտության բազմահազարավոր ապացուցված ու չապացուցված ազդեցությունները մի կողմ թողնելով վերադառնանք սկիզբ, երբ լռություն էր ու ոչինչ, ու այդ ոչնչից արարվեց ամեն ինչը: Էդոյանի այս բանաստեղծության տողերը տենչում են դեպի այդ սկզբը, որտեղ հեղինակը գտել է երաժշտության սկզբնաղբյուրը:

Դժվար է համատեղել լռությունն ու երաժտությունը, սակայն Էդոյանը միակն ու առաջինը չէ, որ դրանք զուգորդել է. Հովհաննես Քեյջի <<4’33>> ստեղծագործությունը, որ ամբողջապես կազմված է լռությունից, կամ Սամուել Բեթեքի <<Շունչ>> կտորը:

Հենց լռության մեջ ենք բոլորս (մեծ մասը) կենտրոնանում, խաղաղվում, աղմուկը երբեմն կոտրված ապակիների պես մխրճվում է մեր գլուխը. ես երբեմն խաղաղվում եմ նաեւ լռության ու բնության ձայների մեջ, օրինակ՝ անձրեւի ձայնը: Բանաստեղծության մեջ իրար կցվել են նաեւ լռությունն ու բնության երեւույթները:

Բանաստեղծության հիմնական գաղափարն այն էր, որ երաժշտությունը սկսվում է լռությունից. երբեմն ամենապարզ բաներում թաքնված են լինում ամենագեղեցիկ ու աննկարագրելի բաները:

 

 

 

Մեծ լուսին

Այգում վառվում է լապտերը, սակայն

Դիմացի պատուհանում հանգչում է լույսը,

Հեռու չե լուսինը, բայց ահա ձեռքիս

Փայլում է կարծես մի այլ լուսատու:

Մենությունն անվերջ է, ինչպես օդ:

Այգում մութն ավելի խորն է եւ թանձր:

Տերեւների մեջ ճչում է մի թռչուն

Եւ խոր քուն մտնում: Նա մարդ է դառնում

Իր երազի մեջ: Լույսը մեռնում է ավելի մեծ

Լույսից, մեղքը ետ է գնվում մի ուրիշ մեղքով:

Լուսինն ավելի մեծ է հիմա, քան ես,

Բայց ես պետք է նրան իմ մեջ տեղավորեմ:

 

Պատկերացրի ինձ այգում, նոր իջած մթության մեջ կանգնած, առանց որեւէ վախի: Թռչնի ձայների եւ վառվող ու հանգչող լույսերի ներքո:

Ստեղծված է գեղեցիկ ու նուրբ տեսարան, որ ողողված է մթնշաղով:

Օգտագործված է հակադրության (կոնտրաստի) հնարքը. Այգում վառվում է լապտերը, սակայն, Դիմացի պատուհանում հանգչում է լույսը:

Հիպերբոլի(չափազանցության) հնարք որսացի այս տողում. Լույսը մեռնում է ավելի մեծ

լույսից:

Իսկ բանաստեղծության հիմնական իմաստը հետեւայլն է. մարդը միայնակ է ու կարծես փորձում է  ձուլվել բնությանը, որքան էլ իր շուրջը մթություն լինի:

Լուսինն ավելի մեծ է հիմա, քան ես,

Բայց ես պետք է նրան իմ մեջ տեղավորեմ: Սա հասկանում եմ, որպես մարդկային կյանքում տեղի ունեցող մի բան, լինի խնդիր, դժվարություն կամ փորձություն, որը, թեեւ երբեմն թվում է, թե մեր ուժերից վեր է, սակայն մեր մեջ գտնում ենք այն ուժն ու տեղավորում ենք մեր մեջ ու ապրում այն, գիտակցելով, որ դրանից հետո ավելի հասուն, հաստատուն, ամուր ենք դառնալու:

 

 

 

Ինքս բարդ ու խուճուճ-մուճուճ բաների սիրահար չեմ, սակայն երբ կարողանում եմ <<պոչից>> բռնել, սկսում եմ հասկանալ ու ընկալել: Սա կախված է նաեւ քո ներկա դրությունից. որ մի փուլում ես գտնվում, երբ ինչ-որ բան ես ընթերցում: Կարեւորը <<բանալին>>՝ հիմնական միտքը գտնելն է. մնացածը լրացնում են դրան, գեղարվեստական կամ պոետիկ էսթետիկայով պարուրում ու ապահովում ընդհանուր ֆոնը: Խուճուճությունը կարծես միտքդ ավելի ճկուն է դարձնում. փորփրում ես, հիշողություններիդ մեջ գնում ես հետ ու առաջ, փորձում հասկանալ, թե լավ, ինչի մասին է գրված: Սակայն որքան էլ հասկացած ու ընկալած լինեմ այդ բարդ տողերը, ինձ համար ամենագեղեցիկն ու ամենաբարդը մնում են ամենապարզ բաները:

 

 

Էմմա Կիրակոսյան

Leave a comment