Վերլուծական աշխատանք Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածի վերաբերյալ.

Հոդվածը կարող եք գտնել այստեղ՝

http://msargsyan.wordpress.com/2013/01/13/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B0%D5%B8%D5%A3%D6%87%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1/

 

Շեղատառերով գրվածները մեջբերումներ են հոդվածից

 

Մեր խորին համոզումով, որքան եւ կարեւոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշի, վճռի հայության ապագայի վիճակը, ստեղծի այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է: Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք ՀոգեւորՀայաստան:

Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով ահա՛ ինչ եմ հասկանում ես ՀոգեւորՀայաստան ասելով:

Վահան Տերյան

 

Հոգևորն ու ֆիզիկականն իրար կողք դնելիս ու համեմատելիս, ես, իհարկե, ավելի վեր եմ դասում հոգևորը, քանզի այն սպանելը շատ դժվար է, նույնիսկ որոշ առումով՝ անհնարին՝ այն վեհ է ու անգին: Սակայն ֆիզիկականն իր դերն ունի. այն հոգևորի պատուհանն է, արտահայտչամիջոցը: Որոշ առումով այո՛, եթե ֆիզիկականը չլինի, մենք չենք տեսնի նաև հոգևորը, սակայն վերջինս առաջինից, միևնույնն է, վեր է դասվում: Առանց հոգևորի ֆիզիկականը անիմաստ է ու դատարկ, իսկ առանց ֆիզիկականի հոգևորն իմաստ ունի…

Հենց այդ հոգևոր երկրի ստեղծման վրա է կենտրոնանում Տերյանը՝ իր «Հոգևոր Հայաստան» հոդվածում:

Ինձ համար բավականին հեշտ էր ընկալել նրա ասելիքը, քանզի հայոց պատմությունից հիմա անցնում ենք այն ժամանկաշրջանները, որոնց ընթացքում ապրել ու գործունեություն է ծավալել ինքը՝ Տերյանը: Նա խոսում է Հայկական հարցի մասին, որն ըստ իս՝ սկսիզբ է առել Հայաստանի առաջին բաժանմամբ ու հետագայում փոփոխությունների է ենթարկվել ու տարբեր ձևով է արտահայտվել դարերի ընթացքում: Դա հայերի հոգևոր ու ֆիզիկական, տարածքային միաբանության ու անկախությանը հասնելու ձգտումն էր: Տերյանը գրում է.

Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով և ոսկե երազներով սերունդներ են կրթվել, այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են սերունդներ: Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:

Իսկապես որ, ներկայումս էլ շատերի խոսքերի, նաև տրտնջանքի  պատճառով ինձ մեկ-մեկ թվում է, որ հայերը դեռ ծարավ են այդ ավետյաց երկրին: Տերյանը գրում է, որ «Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան» »: Մենք հասել ենք այդ Հայաստանին, թեկուզև այն 11.458 կմ² տարածք է զբաղեցնում այս հսկա մոլորակի վրա, թեկուզ կա հայկական սփյուռքը, թեկուզ ամեն ինչ այնքան լավ չէ, որքան կուզենայինք, որ լիներ, բայց հասե՛լ ենք:

Անկախություն ձեռք բերելով, այդ հարցը լուծելով, նշում է Տերյանը, չի ավարտվում, այլ սկսվում է մեր ազգանվեր գործը: Չեմ կարող չնշել, թե որքան է Հայաստանն աճել ու գեղեցկացել, բարգավաճել, թեկուզ փոքր քայլերով, բայց արել է այդ քայլերը: Ու հիմա էլ շարունակվում է այդ ամենը: Ես աչքերս չեմ փակում աղքատության, դժվարությունների, անարդարությունների վրա, սակայն ո՞ր մի երկրում չկան այդպիսի բաներ: Կարևորն այն է, որ երկրի իշխանությունները չլինեն եսասեր ու միայն իրենց գրպանները լցնեն: Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել ու չեմ կարող ասել, որ իմ կարծիքը հայկական իշխանությունների կամ հայկական քաղաքականության մասին հստակ է ու ճիշտ: Ես շատ լավ տեսնում եմ, որ անարդարությունները շատ են, գիտեմ, որ մարդիկ գավառներում ու գյուղերում դժվարությամբ են վաստակում իրենց ապրուստն ու օրվա հացը… Գիտեմ, որ շատ ընտանիքներ չեն կարողանում իրենց զավակներին լավ կրթությամբ ապահովել…  Տերյանը գրում է բուրժուազյիայի մասին, որը շքեղ շենքեր էր կառուցում.

«Շենքերի հայրենասիրությունը» դա՛ է ահա մեր լիբերալազգասերբուրժուաինտելիգենցիայի հայրենասիրությունը:

Այդ շենքերը կառուցվում են, ոսկե տառեր են գրվում դրանց վրա, սակայն ի՞նչ է կատարվում դրանց ներսը. մի՞թե այնտեղ ինչ-որ աշխատանք էր ծավալվում, որը կնպաստեր հայկակայն սերնդի շարունակական գոյատևմանը: Հիմա սա այդքան էլ այդպես չէ, չնայած կա նման բան: Հիմա բացվում են նորանոր կրթարաններ, դպրոցներ ու ըստ իս՝ սուր հակադրություն կա կրթության հանդեպ ձգտման ու կրթության հանդեպ անտարբերության միջև: Դպրոցների մի մասում տրվում է նորմալ կրթություն, մի մասում՝ «քչից-շատից» նորմալ կրթություն, իսկ մյուս մասում բարձիթողի վիճակ է: Բայց միևնույնն է, հիմա գնահատվում է կրթված, ինտելեգնետ (իրական, ոչ թե կեղծ ինտելեգենտ) մարդն ու նա, եթե ոչ միանգամից, թեկուզ մի քանի ձախողումներով, սակայն, հավատում եմ, որ կհասնի հաջողության: Սա դժվար ու ցավոտ հարց է մեր երկրում. անարդարության, կոռուպցիայի արդյունքում շատերն են զբաղեցնում այն պաշտոնը, որից իրենք «գլուխ չեն հանում» կամ արժանի չեն…

 

Տերյանը շատ է խոսում նաև ազգի կուլտուրայի մասին, որը հասկացա որպես մեր՝ միայն մեր ազգին բնորոշ, արմատական գծերի, բնավորության, սովորույթների ամբողջականություն: Նա այդ կուլտուրայի գլխավոր գործոններն է համարում լեզուն, գրականությունն ու արվեստը:  Խոսում է ազգի ինտելեգենցիայի ու բուրժուազիայի մասին, ու գրում, որ ինտելենգենցիայի համար այդ կուլտուրան գոյություն չունի, ու քանզի այն գոյություն չունի նրանց համար, հետևաբար նրանք չեն տիրապետում նաև դրա գլխավոր գործոններին: Ինտելեգնցիան ազգի ներկայացուցիչն  է, գրում է, որ նրանք, համենայնդեպս, ստանձնել են այդ պաշտոնը: Ու ահա՝ նա ինչպես է ներկայացնում պատկերը.

Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին՝ միևնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:

Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն:

Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:

Գիտեմ, որ կոռուպցիայի արդյունքում շատերը բարձր պաշտոնակատարի աթոռին են բազմած ու ոչինչ էլ չեն հասկանում… Ծանոթի միջոցով շատ բաներ են իրարականանում ու միևնույն ժամանակ արժանի մարդիկ զրկվում են շատ բաներից:

Ահա այդ հայ բուրժուաինտելիգենտն ամեն անգամ, երբ խոսք է բացվում գրականության մասին, աչքերը հյուսիս է դարձնում. այնտե՜ղ, տեսնու՞մ եք, գրականություն կա, որովհետև մեծ ազգ է, գրքերը տարածվում են, գրականությունը օգտավետ, շահավետ զբաղմունք է

Տերյանն ասում է, որ ամենաշատը հենց հայ ազգը ներկայացնողը պիտի լինի իր ազգի լեզվի կրողը, գրականության կրողը, սակայն նշում է, որ հակառակ պատկերն է… Այդ ինտելեգենտը, ով նայում է հորիզոնին ու ասում, որ այնտեղ մի տեղ հայ գրականություն կա, չի պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը. նա ի՛նքը պիտի լինի այդ գրականության կրողը, նա պիտի նայի իրե՛ն, ի՛ր սրտին ուղղի իր հայացքն ու ասի. «Ա՛յ, այ այստե՛ղ կա հայ գրականություն»: Վերջին ժամանակներս շատացել են իրենց սրտին նայող մարդիկ:

Կան այդպիսի բաներ ու շարունակել երկար կարող եմ: Ուզում եմ ասել, որ աշխարհին չեմ նայում վարդագույն ակնոցներով ու անտեսում սխալ բաները: Ամեն ինչը պիտի հավասարակշության մեջ լինի: Ինչ եմ ուզում ասել. ոչ այն է, որ տեսնես միայն վատ բաները ու կենտրոնանաս դրանց, ոչ էլ այն է, որ միայն լավ բաները տեսնես ու աչքերդ փակես ու չտալու տաս վատ բաները: Պետք է երկուսին ռեալիստորեն նայել ու փորձել վատ բաները վերածել լավ բաների:

Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, և դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:

Տերյանը, գրում է, որ հնարավոր չէ, որ օրինակ՝ լեհը՝ լեհ ինտելեգենտը, լեհերեն չիմանա, այսինքն՝ ինտելեգենցիայի հիմնական գաղափարները չիմանա: Սակայն ինչպես ես նշել էի սկզբում՝ ո՞ր մի երկրում չկան այդպիսի բաներ: Հաստատ չես կարող ասել…

Տերյանը կուլտուրայի գլխավոր գործոններն է համարում լեզուն, գրականությունն ու արվեստը:  Երբ սա կարդացի, ակամայից հիշեցի Խաչատուր Աբովյանին: Նա նույնպես ազգի պահպանումը ու շարունակումը կապում էր լեզվի ու հավատքի հետ, երիտասարդներին հորդորում, որ հազար լեզու սովորեն, բայց իրենց հավատքն ու լեզուն ամուր պահեն: Կարծում եմ, որ մեր երկրում հիմա ճեղվածք կա՝ լեզուն սիրողի ու պահպանողի և դրա հանդեպ անտարբեր տրամադրվածների միջև, այսինքն՝ հակադրությունը բավականին մեծ է, կան նաև մարդիկ, որ փչացնում են այն…

 

Խոսվում է նաև հայերի՝ իրենց ազատությունն ուրիշների օգնությամբ ձեռք բերելուն հակվածության մասին: Տերյանը գրում է, որ ազգը միայն ֆիզիկական սահմաններով չպիտի ապրի, այլ պիտի լինի ազգի ներկայացուցիչների ներքին հոգեկան կապ.

Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավորհոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում:

Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի մի Ալբանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ և տևական ու ծանր աշխատության գնով ձեռք չբերի այդ արտոնությունը:

Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, և որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:

Ահա թե ինչու՛, ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են:

Բոլորս էլ շա լավ գիտենք, որ մենք հայերս միշտ եղել ենք ու կարծում եմ որ հիմա էլ շարունակում ենք (ճիշտ է՝ որոշ փոփոխություններով) մնալ շատ հյուրասեր ազգ: Սա, երևի թե, մեր ազգի ինքնության առհավատչյաներից մեկն է: Ինչու եմ խոսում հայի հյուրասիրությունից.  ինձ մոտ հենց այս բնավորության գիծը հիշեցրեց ներքին հոգեկան կապ արտահայտությունը: Հայն ուրիշ է, ինչ ուզում եք ասեք. իր քաջությունը, տոկունությունը, անկոտրուն կերպարը, վեհությունը, որ ես տեսնում եմ պատմության ընթացքում… Իհարկե, պատկերը նույնը չէ հիմա: Ես այդ սուր հակադրությունը այստեղ էլ եմ տեսնում՝ հայրենասերի ու անտարբեր մարդու, ջանացողի ու չմտածողի…

Ու հակադրություն եմ տեսնում նաև ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍԱՆԻ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ. վերջին երկու տարում ավելի եմ համոզվում ու հասկանում դա, այն բավականին լավ է արտահայտված… Անձամբ ինձ համար այդպես է:

Անկախ ամեն ինչից, նայելով մեր պատմությանը, հայի անցած ուղղուն, կարող եմ ասել այս. հայերը փոքր ազգ են, բայց հայը հիմա կա, ապրում է, շնչում, ժպտում կամ տխրում ա՛յն ժամանակ, երբ պատմության ընթացքում իր վրա իշխած, իր կողքն ապրած ազգը(երը) չկա(ն)… Հիմա, ենթադրում եմ, որ մենք՝ հայերս շատ-շատ ենք փոխվել՝ թեկուզ հենց Տերյանի շրջանում ապրած հայերից, բայց դա բնական է, բանական ու նորմալ: Իհարկե՛ կուզենայի, որ շատ բաներ ուրիշ կերպ լինեին, կուզենայի, որ իշխանությունները հեռատեսորեն գործեին ու իրենցից կախված ամեն ինչ անեին, որ հայը չտրտնջա ու չթողնի գնա իր երկրից, որ ծերերին տրվի այնքան թոշակ, որ բավարարի, որ նրանք իրենց վերջին տարիներն ապրեն հանգիստ, տաք… Կասեք երկրի բյուջեն չի բավարարում. այստեղ նույնպես խարդախություններ կան…  Նայելով պատմությանը՝ իհարկե տեսնում եմ նաև վատ բաներ, սակայն ընտրում եմ շատ չկենտրոնանալ դրանց վրա, որպեսզի գալիք լավ բաները ստվերի տակ չմնան: Այո, իմ ազգի մեջ լավն ու վատը նույնպես սուր հակադրության մեջ է գտնվում: Բայց ես հայ եմ ու շատ ուրախ եմ, որ ներկայացուցիչն եմ այն  ազգի, որ իր կողքն ապրած մեծ ազգերին հակառակ՝ երբ այդ ազգերը հիմա չկան, կա, ուրախ եմ, որ ներկայացուցիչն եմ այն ազգի, ով ունեցել է Մեսրոպ Մաշտոց, ով առաջինն է ընդունել քրիստոնեությունը, ով ոտքի է ելել ու կռվել, երբ սպառնացել են իրեն ոչնչացնել…

 

Ես հիմա սովորում եմ կրել իմ մեջ «Հոգևոր Հայաստանը»:

 

Էմմա Կիրակոսյան

Leave a comment